Մրցույթում հաղթած դպրոցականներն արժանացել են մրցանակների | WWF

Մրցույթում հաղթած դպրոցականներն արժանացել են մրցանակների



Posted on 16 November 2016   |  
My Forest Contest_AM
© WWF-Armenia
2016թ. նոյեմբերի 12-ին ամփոփվեցին «Անտառի բարիքները» խորագրով դպրոցական ստեղծագործական մրցույթի արդյունքները: Արդեն երկրորդ տարին է, որ ENPI-FLEG II ծրագրի շրջանակներում անցկացվում է «Դպրոցական անտառտնտեսությունը Սյունիքի մարզում» կրթական ծրագիրը Սյունիքի Տաթև, Տանձատափ, Սվարանց և Հալիձոր համայնքներում: WWF-Հայաստանի այս նախաձեռնությունը գործնականում իրականացվում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի միջոցով:

Մրցույթի մասնակցիները կարող էին ներկայացնել նկարչական գործեր, բանաստեղծություններ, ձեռքի աշխատանքներ, շարադրություններ, թատերական ներկայացումների սցենարներ և այլն։ Կրթական ծրագրի շրջանակներում մրցույթին զուգահեռ իրականացվել է տեսական և գործնական դասընթաց, որի ընթացքում դպրոցականները պատկերացում են ստացել մարդու կյանքում բնության նշանակության ու դերի մասին, խորացրել են գիտելիքներն անտառների ու շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ՝ ձևավորելով առավել հոգատար և պատասխանատու վերաբերմուք բնության նկատմամբ: 

Մրցանակաբաշխության միջոցառմանը ներկա էին մրցույթի բոլոր մասնակիցները՝ չորս համայնքներից, դպրոցների տնօրենները և ծրագրում ընդգրկված ուսուցիչները, համայնքների ներկայացուցիչներ և հյուրեր։ Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ողջունեց գաղափարը՝ նշելով ծրագրի օգտակարությունն ամբողջ համայնքի համար: Մրցույթի արդյունքներով երկու տարիքային խմբում 13 դպրոցական արժանացավ առաջինից երրորդ մրցանակային տեղերի՝ ստանալով մրցանակներ, իսկ առավել ակտիվ մասնակցած 16 դպրոցական ստացան խրախուսական մրցանակներ: Մնացած բոլոր մասնակից դպրոցականները ստացան նվերներ։

Այս մրցույթով եզրափակվեց Սյունիքի մարզում իրականացվող կրթական ծրագիրը։ Ներկայումս ENPI-FLEG II ծրագրի շրջանակներում նախատեսվում են նմանատիպ դպրոցական մրցույթներ Տավուշի մարզի 5 դպրոցներում՝ Իջևանում, Գետահովիտում, Գանձաքարում, Հովքում և Աղավնավանքում։  Այդ համայնքների վարչական սահմաններում ստեղծվում է վերակազմավորված «Իջևանի» արգելավայրը՝ ENPI-FLEG II ծրագրի աջակցությամբ։
 
ENPI-FLEG II ծրագիրը նպատակ ունի աջակցել մասնակից երկրներին բարելավել անտառների կառավարումը: Ծրագիրն իրականացվում է 7 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն: Ավստրիական զարգացման համագործակցությունը տրամադրում է լրացուցիչ ֆինանսավորում՝ Հայաստանում և Վրաստանում ծրագրի գործողություններին աջակցելու նպատակով: WWF-Հայաստանի կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններից են աջակցությունը Հյուսիսային Հայաստանում մի քանի անտառային արգելավայրերի օպտիմիզացիային՝ դրանց քարտեզագրմանը, կառավարման պլանի մշակմանը և կարողությունների ստեղծմանը, դպրոցական անտառտնտեսության զարգացման գործողություններին Սյունիքի մարզում, բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների գաղափարի ներդրմանը Հայաստանում, անտառային արգելավայրերի կառավարման բարելավմանն ուղղված մարդկային և տեխնիկական հզորությունների ստեղծմանը։

 
My Forest Contest_AM
© WWF-Armenia Enlarge
My Forest_Contest_AM
© WWF-Armenia Enlarge
My Forest Contest_AM
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus