Կրճատվել են որսագողության դեպքերը, ինչի մասին է վկայում կենդանական աշխարհի ավելացումը | WWF

Կրճատվել են որսագողության դեպքերը, ինչի մասին է վկայում կենդանական աշխարհի ավելացումը



Posted on 24 January 2017   |  
Press Conference_24.01
© WWF-Armenia
Հունվարի 24-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց բնության հատուկ պահպանվող տարածքներում տիրող ներկա իրավիճակն ու դրանց զարգացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես Կարեն Մանվելյանը նշել է. «Բնության համաշխարհային հիմնադրամն ակտիվորեն համագործակցում է Բնապահպանության նախարարության հետ՝ բնության առկա պահպանվող տարածքների հզորացման և նորերի ստեղծման ուղղությամբ: Մեր ծրագրերի շրջանակներում ստեղծվել են և շարունակվում են ստեղծվել բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Արփի լիճ» ազգային պարկ (առաջին անդրսահմանային պահպանվող տարածքը տարածաշրջանում ), «Արևիկ» ազգային պարկը, «Խուստուփ» արգելավայրը և այլն: Այս պահին Հայաստանի հարավում IDEA հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է ծրագիր՝ «Տաթև» ազգային պարկի ստեղծման ուղղությամբ (ընդհանուր տարածքը մոտավորապես 10 000 հա): Այն կմիանա Հայաստանի հարավում եղած այլ պահպանվող տարածքներին, ինչի շնորհիվ կլուծվի կենդանիների ապահով միգրացիայի խնդիրը: Բացի այդ, ազգային պարկի ստեղծումը կնպաստի տուրիզմի զարգացմանը»:

Պարոն Մանվելյանն անդրադարձել է որսագողության խնդրին ևս՝ նշելով, որ 10 տարի առաջ իրավիճակն այլ էր, որսագողության մակարդակը բավական բարձր էր: Ներկայումս զգալիորեն կրճատվել են որսագողության դեպքերը, ինչի մասին է վկայում կենդանական աշխարհի ավելացումը: Օրինակ, բեզոարյան այծերի քանակը 2005 թ.-ին 2000 էր, այսօր 3500-ից ավել է: Հայկական մուֆլոնների քանակը 200-220 էր, հիմա շուրջ 400 է, կովկասյան ընձառյուծը նախկինում չէր նկատվում, այսօր արդեն առկա է 7 առանձնյակ:  Ըստ բանախոսի՝ որսագողության խնդիրը բոլոր երկրներում էլ առկա է, պարզապես պետք է քայլեր ձեռնարկել այդ դեպքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Արամ Աղասյանը նշել է, որ ներկայումս իրականացվող ծրագրերից մեկը նախատեսում է բնության հուշարձանների ներառում էկոտուրիստական երթուղիների մեջ: Քննարկվում է նաև դրանց կառավարման հանձնումը տեղական  համայնքներին՝ դրանով իսկ վերջիններիս հնարավորություն տալով լուծելու մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ: Նա նաև նշել է, որ արդեն առկա են 29 բնության հուշարձանների անձնագրեր: Առաջիկայում ակնկալվում է տարբեր դրամաշնորհների միջոցով կատարել ևս 20 բնության հուշարձանների անձնագրավորում:

 
Press Conference_24.01
© WWF-Armenia Enlarge
Press Conference_24.01
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus