Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ ցուցահանդես մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում | WWF

Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ ցուցահանդես մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում



Posted on 28 February 2017   |  
Exhibition in Metro Station
© WWF-Armenia
Ս.թ. մարտի 3-ից WWF-Հայաստանը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ, ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի»՝ WWF-Հայաստանի կողմից: 2002 թ.-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում իրականացնում է այս կենդանատեսակի պահպանման ծրագիրը, ինչի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:

WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է, - «Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը մեր բնության զարդ հանդիսացող կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: Ամբողջ տարվա ընթացքում մենք մտադիր ենք իրականացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք կշարունակեն ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի բնաշխարհի համար»:  

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը նշում է, - «Մեզ շատ դուր եկավ նախաձեռնությունը և ուրախությամբ համաձայնվեցինք աջակցել ցուցահանդեսի կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ, Երևանի մետրոպոլիտենը խրախուսում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կրթական և մշակութային նշանակություն ունի»:

Ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը, որս հանդիսացող կենդանատեսակները (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն), ինչպես նաև պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Մարտի 3-ը պատահական չէ ընտրված որպես ցուցահանդեսի բացման օր: Այն վայրի բնության համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրաձայնել վտանգված տեսակների պահպանության կարևորությունն ամբողջ աշխարհում: Այս տարի օրվա կարգախոսն է «Լսի'ր երիտասարդների ձայնը»՝ խրախուսելով մեր մոլորակի ապագա առաջնորդ հանդիսացող և որոշում կայացնող երիտասարդներին պահպանել վտանգված վայրի բնությունը: 
Exhibition in Metro Station
© WWF-Armenia Enlarge
Exhibition_Yerevan_Metro
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus