Ամփոփվեցին «Նկարվիր ընձառյուծի հետ» մրցույթի արդյունքները | WWF

Ամփոփվեցին «Նկարվիր ընձառյուծի հետ» մրցույթի արդյունքները



Posted on 11 July 2017   |  
Leo_Alive
© WWF-Armenia
Ս.թ. հուլիսի 10-ին ամփոփվեցին «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավի շրջանակներում իրականացված մրցույթի արդյունքները, որը կազմակերպել էր «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը (WWF-Հայաստան): Մրցանակակիրները ընտրվել են ժյուրիի կողմից:

Մրցույթին մասնակցել են հարյուրից ավելի նկարներ, որոնք պարունակում էին նաև կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Լուսինե Ստեփանյանը, ում հանձնվեց գլխավոր մրցանակը՝ լեռնային հեծանիվ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Դավիթ Հայրապետյանն ու Մանանա Հովակիմյանը: Ժյուրին առանձնացրել էր նաև ամենաստեղծագործ մասնակցին՝ Արգիշտի Մկրտչյանը, ով որոշել էր շախմատ խաղալ վիրտուալ ընձառյուծի հետ:

Մասնակիցները, ARLOOPA հավելվածի միջոցով սքանավորելով ընձառյուծի նկարով մարկերը, կարողանում էին ստանալ վերջինիս եռաչափ անիմացիոն պատկերը: Նախաձեռնությունն իրականացվում էր ARLOOPA (X-Tech) ընկերության հետ համատեղ:

Ընկերության տնօրեն Արման Աթոյանը նշում է. «Մրցույթի ընթացքում գրանցվել է մարկերի շուրջ 10 000 սքանավորում աշխարհի տարբեր երկրներից: Նախաձեռնությունը մասնակցել է նաև վերջերս ԱՄՆ-ում կայացած AR/VR ցուցահանդեսին, որտեղ մեծ հետաքրքրություն է առաջացրել բնության պահպանության և տեղեկատվական տեխնոլոգիների նման համակցությունը»: 

Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի հայաստանյան համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Այս նախաձեռնությունն էկոկրթության ժամանակակից տարբերակներից մեկն է: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, և այդ փաստը կարելի է լավագույնս ծառայեցնել բնության պահպանությանը»:
Մրցանակաբաշխության հոլովակը կարող եք դիտել այս հղումով`
https://www.youtube.com/watch?v=oYslKJmSgQg&t=57s
Leo_Alive
© WWF-Armenia Enlarge
Leo_Alive
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus