«ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտեց իր աշխատանքը | WWF

«ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտեց իր աշխատանքը



Posted on 05 June 2018
BarevTrails First Group
© WWF Armenia
Մայիսի 19-26-ը 35 կամավորներ Հայաստանից ու եվրոպական տարբեր երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա) մասնակցեցին «ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրին, որը նախաձեռնել են «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը: Ծրագրի իրականացմանն աջակցել է «Արահետներ հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը։

Սա եռամյա ծրագրի առաջին փուլն է, որի շրջանակներում «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

- բարեկարգվել է «Տանձատափ»-«Սատանի կամուրջ» արահետը,
- ստեղծվել է 2 կամուրջ, որոնցից մեկը «Տաթևի Մեծ Անապատ» վանք տանող ճանապարհին, որի բացակայությունը նախկինում դժվարություններ էր առաջացնում վանք այցելող զբոսաշրջիկների համար,
- արահետի տարածքում տեղադրվել է բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ,
- արահետի գլխամասերում տեղադրվել է տեղեկատվական 2 կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն,
- իրականացվել է արահետի ամբողջական գծանշում,
- արահետի դժվարանցանելի մասերում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով,
- մաքրվել են «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի պատերի գրառումները:

Բացի կատարված աշխատանքներից կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։ Վերադառնալով իրենց երկրներ կամավորները լծվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործին:

Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական ​​արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», «Պլանավորվող Տաթև ազգային պարկ» և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: Կամավորների երկրորդ խումբը Հայաստան կժամանի այս տարի աշնանը:

Ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել ծրագրի վեբ կայքում՝ www.barevtrails.am կամ www.barevtrails.com:
 
BarevTrails First Group
© WWF Armenia Enlarge
BarevTrails
© WWF Armenia Enlarge
BarevTrails
© WWF Armenia Enlarge