| WWF


 
	© WWF-Հայաստան

WWF-Հայաստան

WWF-ը Հայաստանում

WWF-ը սկսել է աշխատել Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:

Գործունեության հիմնական ուղղությունները.

  1. Զարգացնել և հզորացնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և այլն
  2. Պահպանել վտանգված տեսակները
  3. Պահպանել և վերականգնել էկոհամակարգերը
  4. Իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ
  5. Ներդնել տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը
  6. Աջակցել բնապահպանական իրազեկությանը և կրթությանը

WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:

Վերջին տաս տարվա ընթացքում WWF-ը զգալի ջանքեր է ներդրել Կովկասում ընձառյուծի կարգավիճակի գնահատման ուղղությամբ: Շահագրգիռ կողմերի հետ համատեղ WWF-ը մշակել է Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն և Հայաստանի համար ազգային գործողությունների ծրագիր, որից հետո սկսել է դրա իրականացումը:
WWF հայաստանյան մասնաճյուղ
ՀՀ, Երևան 0019, Պռոշյան փող. 11/1

Հեռ. / ֆաքս` (+374 10) 54 61 56
Հեռ. / ֆաքս` (+374 10) 58 89 83

Էլ. հասցե՝ office_am@wwfcaucasus.org
www.facebook.com/wwfarmenia

Առաքելությունը.

Կասեցնել երկրագնդի բնական միջավայրի դեգրադացիան և կառուցել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ներդաշնակ կապրեն բնության հետ 
© WWF Հայաստան

Հայաստանի բնության պահպանությանն ուղղված մեր աշխատանքները

WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության սերտ համագործակցության արդյունքում մեծ նվաճումներ են ձեռք բերվել ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման գործում: Հայաստանի հարավում ստեղծվել է չորս նոր ԲՀՊՏ («Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը), որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Դրանց ընդհանուր տարածքը 73229 հա է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 2,5 %-ը:

WWF-ի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համատեղ ջանքերով, Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ KfW բանկի միջոցով Կովկասի տարածաշրջանում ստեղծվել է առաջին անդրսահմանային պահպանվող տարածքը՝ Հայաստանում «Արփի լիճ» և Վրաստանում «Ջավախեթի» ազգային պարկերը:

WWF-ը աջակցում է նաև ԲՀՊՏ – ներին տեխնիկական հզորությունների ստեղծման և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ՝ նպաստելով ԲՀՊՏ-ների կառավարման ծրագրերի իրականացմանը պահպանության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի ոլորտներում։

Վտանգված տեսակների պահպանությունն ուժեղացնելու նպատակով WWF-ը աջակցել է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին, «Արևիկ» ազգային պարկին, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերին՝ տրամադրելով սարքավորումներ և համապատասխան հարմարություններ (պահակատներ պահպանության աշխատողների համար, ամենագնաց ավտոմեքենաներ, ճանապարհային արգելափակոցներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, հանդերձանք և այլն):

ԲՀՊՏ-ներից դուրս վտանգված տեսակների պահպանությունն ապահովելու համար WWF-ը Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի Բնապահպանության պետական տեսչություններին տրամադրել է անհրաժեշտ դաշտային միջոցներ՝ամենագնաց ավտոմեքենաներ, հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլն:

WWF-ը աշխատանքներ է կատարում նաև կլիմայի փոփոխության մեղմացման ուղղությամբ՝ իրականացնելով կլիմայի փոփոխության նկատմամբ անտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման միջոցառումներ։ Մասնավորապես WWF-ը իրականացնում է ծրագրեր անտառվերականգնման և միատարր ծառուտների տրանսֆորմացիայի ուղղությամբ, որի արդյունքում դրանց կփոխարինեն կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն խառը լայնատերև անտառները։

WWF-ը հատուկ ուշադրություն է դարձնում ԲՀՊՏ-ների կից համայնքների տեղական բնակչությանը։ Մենք իրականացնում ենք տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման ծրագրեր՝ էկոտուրիզմի (հյուրատներ և էկոերթուղիներ) և մեղվապահության զարգացում, պտղատու այգիների հիմնում, անհրաժեշտ գյուղտեխնիկայի տրամադրում և այլն։
 
	© WWF Հայաստան
Հայաստանի ԲՀՊՏ-ների քարտեզ
© WWF Հայաստան