| WWF



Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացում. հզորությունների ստեղծում և կառավարման ռեժիմի բարելավում

Ծրագրի նկարագրությունը`
Հայաստանի բնությանը սպառնացող վտանգներից են կենսաբազմազանության պաշարների գերշահագործումը, չկանոնակարգած զբոսաշրջային գործունեությունը, ապրելա/աճելավայրերի կորուստը և կլիմայի փոփոխությունը: Կուտակային ազդեցությունները ներառում են խոցելի բնական միջավայրերի և դրանց հետ կապված տեսակների արագացած կորուստը, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների մատուցման գնալով ավելի անապահով դարձող վիճակը:  

Պետական կառույցների, տարածքների կառավարողների և համայնքների փորձը պահպանվող տարածքների կառավարման հարցում շատ սահմանափակ է, ինչը թույլ չի տալիս ցուցաբերել ստեղծագործական «բազմակողմանի օգտագործման» մոտեցումներ: Նոր արգելավայրերի ստեղծումն և առկա արգելավայրերի բարելավումը պահանջում է տեղական համայնքների նվիրվածություն և ակտիվ մասնակցություն: Սակայն համայնքային/մասնակցային կառավարման, կայուն զբոսաշրջության կառավարման, տեղեկացված որոշումների կայացման, կայուն ֆինանսավորման և «բազմակողմանի օգտագործման» պահպանվող տարածքների կատեգորիաների հաջող կառավարման համար կարևոր այլ սկզբունքների կիրառման  լավ օրինակները ազգային մակարդակում դեռևս բացակայում են: Այս առումով, կառուցվածքային հզորությունների ստեղծումն ու զարգացումը  ծրագրի առաջնայնությունների շարքում է: 
 
Ծրագիրը հանդիսացել է ՄԱԶԾ/ԳԷՀ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» միջին չափի ծրագրի մի մաս:

Նպատակը`
Ծրագրի նպատակն էր ստեղծել հզորություններ և բարելավել գոյություն ունեցող «Զանգեզուր» պետական արգելավայրի և պլանավորված «Խուստուփ» պետական արգելավայրի և «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտի կառավարումը, ինչպես նաև աջակցել համայնքային զարգացմանը մի շարք հարակից համայնքներում։
 
Ծրագրի արդյունքները`
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) համակարգի և դրանց կառավարման բարելավմանը զուգահեռ, ծրագիրն աջակցել է լանդշաֆտների փոխկապակցվածության ավելացմանը և աղքատության նվազեցմանը: Ծրագիրն ամրապնդել է Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի բնապահպանական, ֆինանսական, սոցիալական և կառուցվածքային կայունությունը՝ հետևյալ արդյունքների շնորհիվ․
  1. Հարավային Հայաստանում ստեղծվել է երկու պահպանվող տարածք՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ (6010.74 հա) և «Խուստուփ» պետական արգելավայր (6946.74 հա), իսկ «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքը ընդլայնվել է 8501.87 հեկտարով և այժմ վերջինիս ընդհանուր տարածքը կազմում է 25870.64 հա։ «Խուստուփ» պետական արգելավայրի ստեղծման և «Զանգեզուր» պետական արգելավայրի ընդլայնման վերաբերյալ Կառավարության որոշումը ընդունվել է 2013թ-ի դեկտեմբերին։
  2. Մշակվել են նշված պահպանվող տարածքների քարտեզները, այդ թվում առնչվող համայնքների հետ խորհրդատվական հանդիպումների միջոցով։
  3. Մշակվել են «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի կառավարման և գործարար պլանները։
  4. Բարելավվել են Հարավային Հայաստանում Վայոց ձորի և Սյունիքի մարզերի կենսաբազմազանության պահպանության պայմանները։ Նշված տարածքների կենսաբազմազանությունն ներառում է բույսերի ավելի քան 1000 տեսակ և կենդանիների մոտ 200 տեսակ, որոնցից 50 բուսատեսակ և 42 կենդանատեսակ  ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և գրանցված են IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակում։
  5. Կատարվել է «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի տարածքների սահմանազատում։
  6. Որպես աջակցություն տեղական համայնքներին, Քաջարան և Դաստակերտ համայնքներին նվիրաբերվել է գյուղատնտեսական տեխնիկա։
  7. Ստեղծվել և բարելավվել են «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի պահպանության ենթակառուցվածքները ՝ պահպանվող տարածքներում մի քանի կահավորված պահակատների ստեղծման ինչպես նաև արգելափակոցների և կանխարգելիչ նշանների տեղադրման միջոցով:
  8. «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի ղեկավարությանը տրամադրվել են դաշտային և գրասենյակային անհրաժեշտ սարքավորումներ։
  9. «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի դաշտային աշխատանքներ կատարող անձնակազմի  հետ կազմակերպվել են դաշտային սարքավորումների օգտագործման, թիրախային կենդանատեսակների մոնիթորինգի, զբոսաշրջիկների սպասարկմանն ուղղված դասընթացներ։
  10. Ստեղծվել և բարելավվել է «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերում այցելությունների կազմակերպման ենթակառուցվածքը՝ նշանադրված զբոսածրջային երթուղիների ցանցի մշակման, տեղեկատվական նշանների տեղադրման, տեղեկատվական նյութերի և երթուղիների քարտեզի տպագրման միջոցով։
  11. Որպես որսագողության դեմ պայքարի մի մաս, սկսվել է համագործակցություն Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բնապահպանական պետական տեսչության հետ։
Ֆինանսավորող կազմակերպությունները՝
ՄԱԶԾ/ԳԷՀ, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ (ՀՀ բնապահպանության նախարարություն) և WWF-Հայաստանը

Իրականացնող կազմակերպությունները՝
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ (ՀՀ բնապահպանության նախարարություն) և WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Վայոց ձորի և Սյունիքի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2010 – 2014