| WWF



«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծում

Ծրագրի ամբողջական անվանումը՝
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծում - «Հարավային Կովկասի տարածաշրջանում Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախքի /Աշոցք/ տարածաշրջանում»

Ծրագրի նկարագրությունը՝
Ծրագիրը իրականցվում է «Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի» շրջանակներում, որը հանդիսանում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից մեկնարկված Կովկասյան նախաձեռնության մի մասը։ Ծրագիրը ուղղված է Կովկասի էկոտարածաշրջանի յուրօրինակ կենսաբազմազանության պահպանման և կենսաբազմազանության պահպանման համար Շիրակ- Ջավախք անդրսահմանային համագործակցության խթանմանը՝ որպես Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ևս մեկ ոլորտ:

Ծրագրի նպատակն է պահպանել Ջավախք-Շիրակ սարահարթի կենսաբազմազանությունը Հայստանում և միևնույն ժամանակ, ընդլայնել հյուսիսային Շիրակում համայնքային կայուն զարգացումը՝ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման և պահպանման գոտու ծրագրի իրականացման միջոցով:

Հայաստանի Ջավախք-Շիրակ սարահարթը կազմում է ընդարձակ, բարձր հրաբխային ծագմամբ սարահարթի մի մասը, որը կիսվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Ջավախք-Շիրակ էկոհամակարգը, իր լեռնային տափաստաններով, ենթալպյան մարգագետիններով, ինչպես նաև լճերով և ջրաճահճային տարածքներով յուրօրինակ է Կովկասի էկոտարածաշրջանում և ընտրվել է որպես առաջնահերթ “Ջավախք-Շիրակ” բնապահպանական տարածք «Կովկասի Էկոտարածաշջանի Բնապահպանական Պլանի» (ECP) շրջանակներում:

Այս էկոհամակարգը ճանաչված է որպես գլոբալ կարևորություն ունեցող հանգստավայր և բնադրավայր չվող և բնիկ թռչունների համար, որոնցից որոշ տեսակներ ներառված են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN) Կարմիր ցուցակում որպես վտանգված:

Այս յուրահատուկ էկոհամակարգը պահպանելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համակարգված մոտեցում բնության պահպանության և ազգային սահմանների կառավարման նկատմամբ, ինչը պետք է զուգորդվի տեղական բնակչության համար կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ:

Ջավախք - Շիրակ սարահարթի հայկական կողմի վրա փոքր հոսքերը և գետերը՝ սկիզբ առնելով շրջապատող լեռների լանջերից, թափվում են Արփի լիճ և նրա շրջակայքում գտնվող այլ լճակներ և ջրաճահճային տարածքներ: Այս շրջանում գրանցվել են ավելի քան 140 թռչունների տեսակներ, որոնցից 80-85 տեսակը նաև բնադրվում են այդտեղ: Վերջինների շարքից 7 տեսակը հանդիսանում են համաշխարհային պահպանման մտահոգություն, այդ թվում նաև գանգրափետուր հավալուսնը (Pelicanus crispus) և մարգահավը (Crex crex): Արփի լճի կղզիներում ձվադրվում է նաև Էնդեմիկ հայկական որորը:

Նպատակ(ներ)ը՝
Պահպանել Վրաստանի և Թուրքիայի հետ սահմանակցող Հայաստանի Ջավախք-Շիրակ սարահարթի յուրօրինակ կենսաբազմազանությունը և ընդլայնել հյուսիսային Շիրակում համայնքային կայուն զարգացումը՝ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման և 14 համայնքներին ուղղված պահպանման գոտու ծրագրի իրականացման միջոցով:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծում.
  1. Ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը (21,179.1 հա մակերեսով):
  2. Հիմնադրվել է «Արփի լիճ» ազգային պարկի ենթակառուցվածքը, այդ թվում կառուցվել են վարչական շենքի համալիրը, հյուրատունը և այցելուների կենտրոնը:
  3. Հիմնադրվել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ կառավարման կառուցվածքը, ուսուցանվել և գործարկվել է անձնակազմը:
  4. Իրականացվել են գույքագրումները, հետազոտությունները և գնահատումները, այդ թվում, մշակվել է հիդրոլոգիական մոդելը:
  5. Բարելավվել է Արփի լճի ջրօգտագործումը, իրականացվել են Ախուրյան գետի հին հունի ջրաճահճային տարածքների վերականգնողական միջոցառումները:
  6. Աջակցություն է ցուցաբերվել «Արփի լիճ» ազգային պարկի (Հայաստան) և «Ջավախեթի» պահպանվող տարածքների միջև անդրսահմանային համակարգմանը:
Աջակցման գոտու ծրագիր
  1. Մշակվել է պահպանման գոտու համայնքերի ապրուստի միջոցների բարելավմանն ուղղված Պահպանման գոտու զարգացման ծրագիրը՝ մասնակցային պլանավորման մոտեցման հիման վրա։
  2. Իրականացվել է Պահպանման գոտու զարգացման ծրագիրը, մասնավորապես ՝
  • Բարելավվել է խմելաջրի մատակարարումը պահպանման գոտու համայնքներում ՝ 12 համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման և վերանորոգման միջոցով:
  • Բարելավվել է անասնապահությունը պահպանման գոտու համայնքներում ՝ արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոնի ստեղծման միջոցով:
  • Բարելավվել է մեղվաբուծությունը պահպանման գոտու համայնքներում ՝ «Արփի լիճ» մեղվապահների ասոցիացիայի և «Արփի լիճ» մեղվաբուծական կենտրոնի ստեղծման, կենտրոնի կահավորում և սարքավորումներով ապահովման (մասնավորապես մեղրի փաթեթավորման և պիտակավորման սարքավորումներով) միջոցով:
  • Ներդրվել է «Էկո - գյուղ» գաղափարը Շաղիկ համայնքում՝ գյուղապետարանի շենքի և համայնքի բնակելի տների երկշերտ պատուհաններով և դռներով արդիականացման և ջերմամեկուսացման, բնակելի տների նախամուտքերի վերականգնման և ջերմամեկուսացման, ինչպես նաև արևային ջեռուցման համակարգով հանրային բաղնիքի ստեղծման միջոցով:
  • Սստեղծվել է համայնքի կողմից կառավարվող Զբոսաշրջային կենտրոն Մեծ Սեպասար համայնքում (ներառյալ կահավորումը, զբոսաշրջային պարագաների տրամադրումը):
  • Ստեղծվել են Համայնքային զարգացման և կրթական կենտրոններ Բերդաշեն, Գառնառիճ և Սիզավետ համայնքներում (ներառյալ կահավորումը և սարքավորումներով ապահովումը):
  • Կառուցվել են 3 ճամբարակայաններ։
  • Բարելավվել են անասունների ջրարբիացման համակարգերը համայնքներում:
  • Տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա Կրասար և Ծաղկուտ համայնքներին։
  • Տրամադրվել է վագոն-տնակ Կրասար համայնքին, որը կծառայի որպես գյուղապետարանի տարածք:
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ) KFW Զարգացման բանկի միջոցով

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան, WWF-Գերմանիա

Ծրագրի իրականացման վայրը՝
Շիրակի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2007 - 2015