Ավելի քան 60 տարի անհետացումից հետո Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Հայաստանում հայտնաբերել է զոլավոր բորենի | WWF

Ավելի քան 60 տարի անհետացումից հետո Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Հայաստանում հայտնաբերել է զոլավոր բորենի



Posted on 11 October 2010
Զոլավոր բորենի
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան
 2010թ.-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի հարավում գտնվող Նռնաձոր (նախկինում ` Նյուվադի) գյուղից դեպի արևելք գտնվող հատվածում WWF հայաստանյան մասնաճյուղի փորձագետ Ա. Մալխասյանը և WWF-ի գործընկեր` Նռնաձորի գյուղացի Մ. Բոյաջյանը, ընձառյուծի (Panthera pardus) հերթական մոնիթորինգ կատարելուց հայտնաբերել են սատկած զոլավոր բորենի (Hyaena hyaena), որը խեղդվել էր այգու ցանկապատի փշալարերի մեջ: Հայտնաբերված կենդանին մասամբ քրքրված էր լեշակերների կողմից, սակայն դեռ բավականին թարմ էր մնացել, ինչը թույլ տվեց որոշել նրա մնացորդների տեսակի պատկանելիությունը: Տեղում մնացել էին գլուխը, թիակոսկրը, ոտքերը և շագանակագույն ու սպիտակ մորթու բզկտված կտորները: Դրանք Ա. Մալխասյանի կողմից վերցվել են հետագա հետազոտության համար և այժմ գտնվում են WWF հայաստանյան մասնաճյուղի տրամադրության ներքո:

Հայաստանում բորենու հայտնաբերման փաստը հանդիսանում է առաջին հավաստի տեղեկությունը 1940թ.-ից ի վեր, երբ որոշ տվյալների համաձայն մի առանձնյակ էր գրանցվել Երևանի արևմտյան արվարձանում: Հայաստանում բորենու մասին տպագրված գիտական հավաստի տվյալները խիստ սակավ են: Ըստ որոշ գիտական աղբյուրների` 20-րդ դարի սկզմից ի վեր բորենին երբեմն գրանցվում էր Արաքս գետի ավազանում` երկրի արևմտյան (Էջմիածնի շրջան) և հարավային (Մեղրիի շրջան) հատվածներում, ինչպես նաև հյուսիս-արևելքում (Շամշադինի և Իջևանի շրջաններ): Գիտական գրականության մեջ բորենու մասին վերջին տեղեկությունը գրանցվել է 1925թ.-ին, երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում: Այս կենդանատեսակի ապրելավայրերի կորուստը Հայաստանում հանդիսանում է նրա անհետացման հիմնական պատճառը: Համապատասխան բիոտոպերը (հարթ կիսաանապատներ և չոր նախալեռներ) ի սկզբանե սահմանափակվում են Արարատյան դաշտավայրով և Մեղրիի շրջանում` Արաքսի հովտով, որոնք գրեթե ամբողջությամբ մշակվում են որպես դաշտավայրեր, պտղատու և խաղողի այգիներ:

Զոլավոր բորենին միջին չափի գիշատիչ կաթնասուն է, որն արտաքինից նման է շանը: Մեջքն ունի կորություն դեպի պոչը, իսկ կողքերն աչքի են ընկնում սև կամ դարչնագույն ուղղահայաց զոլերով: Մարմնի գույնը բաց մոխրագույն կամ բաց շագանակագույն է: Կոկորդի վրա կա սև բիծ, իսկ ոտքերը զոլավոր են: Գլուխը կլորավուն է, ունի սուր երախ և երկար ականջներ: Չնայած բորենին սնվում է լեշով, մեծ և փոքր կենդանիներով, միջատներով, պտուղներով և հատապտուղներով, այն ունի շատ ուժեղ ծնոտներ, որոնք կարող են նույնիսկ ոսկոր կոտրել: Այս տեսակի ապրելավայրերը ներառում են կիսանապատներ, չոր բլրային տարածքներ և գետամերձ խիտ մացառուտներ` մինչև 2100 մ ծովի մակարդակից բարձության վրա:



Լրացուցից տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
Բնության համշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
Հեռ/Ֆաքս` (+ 374 10) 58 89 83, 54 61 56 (ներքին` 14)
Էլ. փոստ`akhoyetsyan@wwfcaucasus.am
Ինտ. կայք` www.panda.org/armenia





Զոլավոր բորենի
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան Enlarge
Զոլավոր բորենի
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան Enlarge
Զոլավոր բորենի
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան Enlarge