Նոր ենթակառուցվածքներ նորաստեղծ «Արփի լիճ» ազգային պարկում | WWF

Նոր ենթակառուցվածքներ նորաստեղծ «Արփի լիճ» ազգային պարկում



Posted on 09 November 2012
Նախարարի ողջույնի խոսքը ազգային պարկի վարչական շենքի մոտ
Նախարարի ողջույնի խոսքը ազգային պարկի վարչական շենքի մոտ
© WWF-Armenia
ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF/ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը ս.թ. հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզում կազմակերպեցին նորաստեղծ «Արփի լիճ» ազգային պարկի հիմնական ենթակառուցվածքների հանձնման արարողությունը:

Արարողությանը մասնակցեց ՀՀ Բնապահպանության նախարարը: Միջոցառմանը մասնակցեցին նաև Շիրակի փոխմարզպետը, Վերակառուցման և զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչը, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, միջազգային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքներ, ՀԿ-ներ, և այլ շահագրգիռ կողմեր:

Արարողությունը մեկնարկեց ՀՀ Շիրակի մարզի, Ղազանչի համայնքում` «Արփի լիճ» ազգային պարկի նորակառույց այցելուների կենտրոնում, որը հանդիսանում է նաև ՀՀ բնության պետական թանգարանի մասնաճյուղ: Այստեղ ներկայացված են հանրապետության, մասնավորապես, Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի հարուստ բուսական և կենդանական աշխարհը և հանածոները: Կենտրոնում փակցված են տեղեկատվական վահանակներ, որնք ներկայացնում են տարածքի ֆլորան և ֆաունան, ինչպես նաև զբոսաշրջային երթուղիներ: «Կենտրոնում առանձին մասնաբաժնով ներկայացված է նաև այն, ինչ կապված է Շիրակի մարզի հետ՝ սկսած պատմամշակութային կոթողներից, վերջացրած` բնության հուշարձաններով և մարզի կենսաբազմազանությամբ», նշեց ՀՀ բնության պետական թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զուբաբուրյանը:

Միջոցառումը շարունակվեց Բերդաշեն համայնքում` նորակառույց վարչական շենքի, հյուրատան, ավտոտնակների և պահակատան ներկայացմամբ և արարողության վերջում վարչական շենքի տարածքում կատարվեց ծառատունկ:

«Արփի լիճ» ազգային պարկը հիմնադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող «Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանի Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանությունը և խթանել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը` «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման և ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Արփի լիճ մեղվապահների ասոցիացիան», որի նպատակն է խթանել մեղվապահությունը տարածաշրջանում: Ստեղծվել են նաև համայնքային զարգացման և կրթական կենտրոններ Սիզավետ, Գառնառիճ և Բերդաշեն համայնքներում իսկ Մեծ Սեպասար համայնքում ստեղծվել է զբոսաշրջության կենտրոն, որը ղեկավարվում է համայնքի կողմից:

Միջոցառման ժամանակ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ այս պարկը առաջին անդրսահմանային ազգային պարկն է Կովկասյան տարածաշրջանում, որը սահամանակցում է Վրաստանի «Ջավախետի» ազգային պարկի հետ: Այն նաև Հայաստանում առաջին ազգային պարկն է, որ հարակից համայնքները և այլ շահագրգիռ կողմերը մեծ աջակցություն և մասնակցություն են ունեցել պարկի ստեղծման ամբողջ գործընթացում: Սակայն կան որոշ գործողություններ, որոնք դեռ իրականացման փուլում են: Այս գործողությունները հիմանականում կապված են «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու 12 համայնքներում խմելու ջրի վերականգնման հետ, անասնաբուծության պայմանների բարելվաման և այլ ծրագրերի իրականավման հետ:

Նախարարի ողջույնի խոսքը ազգային պարկի վարչական շենքի մոտ
Նախարարի ողջույնի խոսքը ազգային պարկի վարչական շենքի մոտ
© WWF-Armenia Enlarge
Event Participants in the Visitor Center
Միջոցառման մասնակիցները այցելուների կենտրոնում
© WWF-Armenia Enlarge
New Horses for Rangers of the National Park
Ազգային պարկի տեսուչների համար նախատեսված ձիեր
© WWF-Armenia Enlarge
Lake Arpi National Park’s Headquarters
Արփի լիճ ազգային պարկի վարչական շենքը
© WWF-Armenia Enlarge
Minister of Nature Protection is planting tree
ՀՀ Բնապահպանության նախարարը մասնակցում է ծառատունկին
© WWF-Armenia Enlarge
Beehives in Lake Arpi National Park
Մեղվափեթակներ ազգային պարկում
© WWF-Armenia Enlarge
Visitor Center of Lake Arpi National Park
Արփի լիճ ազգային պարկի այցելուների կենտրոնը
© WWF-Armenia Enlarge