Ներկայացվել են առաջին 40 հաղթողների անունները | WWF

Ներկայացվել են առաջին 40 հաղթողների անունները



Posted on 26 April 2016
Winners_FPA_AM
© WWF-Armenia
Այս ուրբաթ Վայոց Ձորի Ուրցաձոր համայնքի մշակութային կենտրոնում ամփոփվեցին  «Ֆինանսական մասնակցային մոտեցում սոցիալ-տնտեսական զարգացման համար» նախագծի առաջին փուլի արդյունքները: Վեդի ենթաշրջանի 5 համայնքներից (Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող և Զանգակատուն)  130 հոգի մասնակցել էին տարբեր ստեղծագործական մրցույթների՝ դպրոցականները մասնակցում էին նկարչական, ձեռքի աշխատանքի, իսկ մեծահասակները՝ կարճ շարադրությունների մրցույթի: Մրցույթի թեման այսօրվա ակտուալ խնդիրներից մեկն էր՝ «Բնություն և մարդ փոխհարաբերություն»: Տարբեր տարիքի 40 հոգի հաղթել են զանազան նվերներ, ինչպես նաև ստացել գումարային պարգևատրումներ` իրենց աշխատանքներում շոշափելով այս փոխհարաբերության առավել խնդրահարույց կողմերը:  

Միջոցառումն ինքնին շատ գունեղ էր՝ կազմակերպված մեծ եռանդով ու խանդավառությամբ, որին մասնակցում էին մի շարք դպրոցականներ: Այն սկսվեց Հ. Թումանյանի հայտնի «Պոչատ աղվեսը» հեքիաթով, որի գործողությունները տեղափոխվել էին ներկայիս ժամանակաշրջան, ինչի շնորհիվ էլ ներկայացումը շոշափում էր մի շատ կարևոր խնդիր, որն առկա է մեր երկրում, այն է՝ աղտոտված բնություն: Ներկայացմանը հաջորդեց մրցանակների հանձնման արարողությունը:

Սա մի մեծ նախագծի դեռևս առաջին փուլն է, որն իրականացվում է Վայոց Ձորի մարզում՝ բաղկացած լինելով 3 փուլից՝ «Անհատ-ընտանիք-համայնք»: Առաջին փուլում շեշտադրվում է անհատական մասնակցությունը, երկրորդ փուլում՝ ընտանեկան, իսկ երրորդ փուլում՝ համայնքային: Ընտանեկան մասնակցային փուլում, որը տեղի է ունենալու մայիս ամսին, յուրաքանչյուր ընտանիք կարող է ներկայացնել իր բիզնես նախագիծը, որը հնարավորություն կտա ընտանիքին ունենալ հավելյալ եկամտի աղբյուր: Մասնակիցները ստանալու են նախնական որոշակի կապիտալ՝ նախագիծը պատշաճ և գրավիչ կերպով ներկայացնելու համար: Ամեն համայնք կունենա հաղթող ընտանիք, որն էլ կստանա համապատասխան նախնական ֆինանսավորում՝ իր նախագիծը կյանքի կոչելու համար:

Վերջապես վերջին փուլում մրցույթին մասնակցելու են համայնքները, որտեղ կլինի արդեն մեկ հաղթող: Վերջինս կստանա ֆինանսավորում՝ համայնքային նախագծի իրականացման և համայնքի զարգացման նպատակով: Այս փուլի խորագիրն է՝ «Մեր գյուղը՝ երեկ, այսօր և վաղը…»: Համայնքներն ազատ են ներկայացման ձևի և ընտրության մեջ:
 
Այս նախագիծը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու համար հիանալի գործիք է: Վերջիններիս կենսակերպը սերտորեն կապված է բնական ռեսուրսների օգտագործումից, քանի որ նրանք ապրում են բնության պահպանվող տարածքների հարակից հատվածներում:  «Ֆինանսական մասնակցային մոտեցում սոցիալ-տնտեսական զարգացման համար» նախագիծը, օգտագործելով ֆինանսական միջոցները, միավորում է տեղի բնակչությանը, խրախուսում ակտիվ մասնակցությունը և հնարավորություն տալիս մարդկանց պատասխանատու լինել իրենց զարգացման համար: Այս մոտեցումը երկկողմանի հաղթական է՝ ինչպես բնության պահպանության տեսանկյունից, այնպես էլ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներից ելնելով:

Նախագիծն իրականացվում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորվելով Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից KFW բանկի միջոցով:
Winners_FPA_AM
© WWF-Armenia Enlarge
FPA_AM
© WWF-Armenia Enlarge
FPA_AM
© WWF-Armenia Enlarge
FPA_AM
© WWF-Armenia Enlarge
FPA_AM
© WWF-Armenia Enlarge