Ոտնաթաթը կտրված ընձառյուծներ Կովկասում | WWF

Ոտնաթաթը կտրված ընձառյուծներ Կովկասում



Posted on 30 May 2016
Persian leopard (male) with amputated leg ©WWF 2015
© WWF
Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus saxicolor, Pocock, 1927 = P. p. cis-caucasica, Satunin, 1914) գլոբալ վտանգված ենթատեսակ է՝ ընդգրկված ԲՊՄՄ Կարմիր ցուցակում («Endangered»):  Ժամանակին տարածված լինելով Կովկասում՝ այսօր այն տարածաշրջանում հազվադեպ հանդիպող կաթնասուն է: Ապրում է շատ քիչ քանակությամբ մեկուսացված խմբաքանակով: Բոլոր Կովկասյան երկրներում ենթատեսակը գրանցված է Կարմիր գրքում և ճանաչված կարևորագույն տեսակ պահպանության տեսանկյունից ողջ Կովկասի տարածաշրջանի համար:
 
Արդեն 15 տարի է, ինչ WWF-ը, համագործակցելով IUCN/SSC կատվազգիների գծով մասնագետների խմբի հետ, ակտիվորեն աջակցում է համապատասխան պետական մարմիններին այս տեսակի պահպանության գործում:  Այս ընթացքում ընձառյուծի որս հանդիսացող կենդանատեսակների պոպուլյացիան (բեզոարյան այծ, մուֆլոն) աճել է ամենաքիչը 15%-ով: Ընձառյուծի քանակը նույնպես ավելացել է, որի մասին են վկայում ավելի քան 230 լուսանկարներն ու 30 տեսահոլովակները՝ ստացված ֆոտոթակարդների միջոցով,  որոնք արվել են վերջին տարիներին ինչպես Հայաստանի հարավային հատվածում, այնպես էլ Թալիշի լեռներում (Ադրբեջան) ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունում: Առկա նյութերը թույլ են տվել իդենտիֆիկացնել մի քանի տարածքային ընձառյուծների:
 
Չնայած պահպանության ուղղությամբ ունեցած նման հաջողությունների՝ ֆոտոթակարդներից ստացված վերջին կադրերը բավական մտահոգիչ են…2015 թ. աշնան ամիսներից: Մեր ֆոտոթակարդները մի քանի անգամ գրանցել են 2 վիրավոր, ոտքերը կտրված ընձառյուծ, որոնք մինչ այդ ըստ մեր տվյալների եղել են լիովին առողջ: Ստեղծված իրավիճակի պատճառը դեռ հայտնի չէ: Քանի որ ծայրահեղ քիչ քանակի ընձառյուծ է մնացել տարածաշրջանում, մենք զգում ենք մեր պատասխանատվությունը բարձրաձայնելու խնդրի մասին, կոչ անելու լուրջ հետազոտությունների անցկացման՝ ստեղծված իրավիճակին ճիշտ գնահատական տալու նպատակով:
 
Այս խնդրի արագ և արդյունավետ լուծումը չափազանց կարևոր է հատկապես նաև այն պատճառով, որ վերջերս Նախիջևանի մեր գործընկերներին հաջողվել էր ֆիքսել էգ ընձառյուծ իր 2 ձագուկներով: 2015 թ. դեկտեմբերին նույն մայրն իր ձագուկներով նկարահանվել էր Հայաստանի հարավային հատվածում: Զանգեզուրի լեռնաշղթայում նկարված երիտասարդ ընձառյուծները վկայում են այն մասին, որ վայրի բնության պահպանությունը զգալի բարելավվել է տարածաշրջանում, և որ ընձառյուծը կարող է ապրել ու բազմանալ այստեղ: Պահպանության շնորհիվ ընձառյուծը հնարավորություն ունի գոյատևելու և վերարտադրվելու Հայաստանի, Ադրբեջանի և Պարսկաստանի հարավ-արևելյան փոքր Կովկասի հատվածում:
 
Մենք կշարունակենք ջանքեր գործադրել Կովկասում ընձառյուծի պահպանության ուղղությամբ: WWF-ի Կովկասյան ծրագիրը (որին աջակցում են WWF Շվեյցարիան և WWF Գերմանիան՝ համագործակցելով Բեռլինի Հուբոլդտի համալսարանի հետ) և IUCN/SSC կատվազգիների գծով մասնագետների խումբը (աջակցություն ստանալով Segré հիմնադրամից) միասին կընդունեն այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են ընձառյուծի պահպանության ծրագրի առջև Կովկասում: Նոր հնարավորությունները, պետական աջակցության հետ միասին, մեզ մոտիվացնում է և վստահություն ներշնչում՝ շարունակելու աշխատանքները Կովկասում ընձառյուծի և ընդհանուր առմամբ վայրի բնության պահպանության ուղղությամբ` երկարաժամկետ հեռանկարով:
 
Persian leopard (male) with amputated leg ©WWF 2015
© WWF Enlarge