Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում շնորհանդեսների շարք | WWF

Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում շնորհանդեսների շարք



Posted on 25 October 2016
LEO_Presentations
© WWF-Armenia
WWF-Հայաստանը շարունակում է իրազեկվածության բարձրացմանն ուղղված իր հանդիպումների շարքը՝ նվիրված Հայաստանի կենսաբազմազանությանը: Այս անգամ հանդիպումները վարում էր WWF-Հայաստանի «Ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը, որն անցկացրեց 3 հանդիպում 3 տարբեր խմբերի համար:    

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին Երևանի պետական համալսարանի Կենդանաբանության ամբիոնում, կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Հանդիպման թեման էր «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում», որի ընթացքում պրն. Գասպարյանը ներկայացրեց ընձառյուծի վտանգման հիմնական գործոնները տարածաշրջանում, պատմեց ընձառյուծի որս հանդիսացող հիմնական կենդանատեսակների մասին և ներկայացրեց ֆոտո-թակարդների միջոցով արված վերջին լուսանկարներն ու տեսանյութերը:    

Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Հայաստանի թռչունների պահպանման միության «Դսեղի բնության և այցելուների կենտրոնում», որտեղ պրն. Գասպարյանը ներկայացրեց Կովկասյան ընձառյուծին և իր որս հանդիսացող կենդանիներին, որոնք բոլորն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Պրն. Գասպարյանը ներկայացրեց վերջիններիս պահպանության և վարքագծի ուսումնասիրման մեթոդները, Հայաստանի պահպանվող տարածքները և իրենց առանձնահատկությունները, ինչպես նաև  WWF-Հայաստանի առաքելությունը, նպատակները, իրականացվող ծրագրերը և դրանց կարևորությունը Հայաստանի համար:  

Երրորդ հանդիպումը, որն անցկացվեց Արսեն Գասպարյանի կողմից, հոկտեմբերի 13-ին էր: «Birding Armenia» ակումբի հրավերով «Գրին Բին» սրճարանում տեղի ունեցավ «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» թեմայով շնորհանդես, որի ընթացքում պրն. Գասպարյանը կրկին պատմեց Կովկասյան ընձառյուծի մասին: Այնուհետև, WWF-Հայաստանի կենդանաբան և  վայրի բնության փորձագետ  Ալեքսանդր Մալխասյանը ներկայացրեց վտանգված կենդանատեսակների մոնիթորինգի մեթոդները Հայաստանում, ինչպես նաև WWF-կողմից կիրառվող բնության պահպանությանն ուղղված մոտեցումները:  

Ուրախալի է նշել, որ բոլոր 3 հանդիպումներն էլ լեփ-լեցուն էին ունկնդիրներով, ովքեր մեծ հետաքրքրությամբ լսում էին մասնագետներին ու հարցեր տալիս: WWF-Հայաստանը կշարունակի այս միջոցառումների շարքը, որոնց նպատակն է ներկայացնել Հայաստանի եզակի, հարուստ և վտանգված կենսաբազմազանությունը:  
LEO_Presentations
© WWF-Armenia Enlarge
LEO_Presentations
© WWF-Armenia Enlarge
LEO_Presentations
© WWF-Armenia Enlarge
LEO_Presentations
© WWF-Armenia Enlarge