WWF-Հայաստանի աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներին | WWF

WWF-Հայաստանի աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներին



Posted on 15 November 2016
Drone
© WWF-Armenia
Սկսած 2002 թ. Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Հայաստանում մշակել և իրականացրել է խոշոր կաթնասունների մոնիթորինգի ծրագիր բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ծրագիրը հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և իրականացվում է նախարարության հետ համատեղ: Կիրառվել է խոշոր կաթնասունների հաշվառում և մոնիթորինգ՝ թե՛ հատուկ տեղադրված ֆոտոթակարդների և թե՛ հեռադիտակների ու անօդաչու սարքերի միջոցով:

Ընդհանուր առմամբ ծախսվել է 200  միլիոն ՀՀ դրամից ավել գումար, ներառյալ տեսախցիկներ և ֆոտոթակարդներ, կազմակերպվել են բազմաթիվ գիտական արշավներ, պահպանվող տարածքներին տրամադրվել է վառելիք, սարքավորումներ և այլն: Ներկայումս մենք շարունակում ենք այս աշխատանքը Խոսրովի և Շիկահողի արգելոցներում, Արևիկ և Դիլիջան ազգային պարկերում, ինչպես նաև Զանգեզուր, Խուստուփ, Իջևան արգելավայրերում:

Վերը նշված պահպանվող տարածքներում այսօր տեղադրված է 95 տեսախցիկ, որոնցից ստացված բոլոր տվյալները տրամադրվում են հատուկ պահպանվող տարածքներին: 

Մենք շարունակում ենք մոնիթորինգի ծրագիրը, և 2016-2018 թթ.-ի ընդհանուր ներդրվելիք գումարը կազմում է ավելի քան 40 միլիոն ՀՀ դրամ: Ներկայումս Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի հետ համատեղ ստեղծվում է տվյալների բազա, որը մշակվել է Բեռլինի Հումբոլդի համալսարանի հետ համագործակցությամբ: Տվյալների բազայի ստեղծման աշխատանքներից հետո այն կտրամադրվի ՀՀ բնապահպանության նախարարությանը և բնության հատուկ պահպանվող տարածքներին:

Բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից, Բնության համաշխարհային հիմնադրամն իրականացնում է կաթնասունների մոնիթորինգ ՀՀ այլ վայրերում, որոնք ապրելավայր են Հայաստանի և միջազգային կարմիր ցանկերում գրանցված խոշոր կաթնասունների համար:

Այս տարի նախատեսվում է աջակցություն ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պետական բնապահպանական տեսչություններին, որի շրջանակներում տրամադրվելու է երկու անօդաչու սարք, մի շարք տեսախցիկներ, հեռադիտակներ և ամենագնաց ավտոմեքենաներ, թե՛ որսագողության դեմ պայքարի, թե՛ խոշոր կաթնասունների մոնիթորինգի համար:

Բացի Բնության համաշխարհային հիմնադրամից, կենսաբազմազանության մոնիթորինգին աջակցում են Կովկասի բնության հիմնադրամը (CNF), GIZ-ը և TJS-ը: Այս հարցում մենք համակարգում ենք մեր գործողությունները վերոնշյալ կառույցների հետ, ինչի շնորհիվ բացառվում են կրկնությունները և էականորեն բարձրանում է համագործակցության արդյունավետությունը:
 
Drone
© WWF-Armenia Enlarge
Equipment
© WWF-Armenia Enlarge
Computer
© WWF-Armenia Enlarge