Կազմակերպվել է ուսուցում Հայաստանում ԲԲԱԱ ընտրության, քարտեզագրման և գնահատման հարցերի վերաբերյալ | WWF

Կազմակերպվել է ուսուցում Հայաստանում ԲԲԱԱ ընտրության, քարտեզագրման և գնահատման հարցերի վերաբերյալ



Posted on 06 December 2016
HCVF Cover
© WWF-Armenia
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ ուսուցում «Հայաստանում բարձր   բնապահպանական   արժեք   ունեցող  անտառների (ԲԲԱԱ)  ընտրություն, քարտեզագրում և գնահատում» թեմայով: Ուսուցմանը մասնակցում էին ՀՀ Բնապահպանության  նախարարության, Կենսառեսուրսների կառավարման գործակալության, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի, «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP), «Էյ Թի Փի», «Երիտասարդ անտառաբույծների միավորում» և Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ ավելի քան 30 մասնակից:

Ուսուցման ընթացքում ներկայացվեց «Հայաստանում բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների ընտրության և առանձնացման գործնական ուղեցույցը»՝ պատրաստված «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ-ի և WWF-Հայաստանի կողմից, ENPI-FLEG II ծրագրի շրջանակներում Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ:

Մանրամասն ներկայացվեցին ուղեցույցում տեղ գտած ԲԲԱԱ ընտրության ազգային չափանիշները: Ընդհանուր առմամբ, ուղեցույցը միտված է մեթոդական հիմքերի ստեղծմանը, որոնք կօգնեն բացահայտելու կենսաբազմազանության պահպանության և տեղական բնակչության առօրյա պահանջները բավարարող էական և անփոխարինելի դեր ունեցող արժեքավոր անտառային տարածքները։ Այնուհետև ներկայացվեցին չափանիշների փորձարկման արդյունքները՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում ընտրված պիլոտային տարածքի վրա: Հարց ու պատասխանների միջոցով տրվեցին մասնակիցներին հուզող մի շարք հարցերի պարզաբանումներ:

Տպագրված ուղեցույցը տրամադրվեց ուսուցման մասնակիցներին: Այն տրամադրվելու է նաև համապատասխան պետական կառույցներին և ԲԲԱԱ-ների հարցին առնչվող կազմակերպություններին: Ուղեցույցը նախատեսվում է անտառում գործնական միջոցառումներ իրականացնողների, որոշումներ ընդունողների, ինչպես նաև գիտնականների, տեղական համայնքների ներկայացուցիչների և ընդհանրապես անտառի հիմնախնդիրներով հետաքրքրվող կազմակերպությունների ու անձանց համար:

ENPI-FLEG II ծրագրի ԲԲԱԱ-ին առնչվող առաջադրանքի շրջանակներում տրամադրվում է նաև աջակցություն Հայաստանում ԲԲԱԱ-ների ազգային չափանիշների վերաբերյալ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակմանը:

Մշակված ԲԲԱԱ ազգային սկզբունքները և չափանիշներն արդեն մոտ ապագայում գործնականում կիրառվելու են ՄԱԶԾ-ԳԷՀ-ի իրականացվող ծրագրում: Դրանով նախատեսվում է հյուսիսային և հյուսիս-արևելյան Հայաստանում անտառտնտեսությունների կառավարման պլանների թարմացման ժամանակ առանձնացնել տարբեր տիպերի ԲԲԱԱ-ներ: Դա կարող է ապահովել, որպեսզի անտառային կենսաբազմազանության արժեքներն ավելի լավ հաշվի առնվեն  անտառկառավարման պլաններում և դրանցով նախատեսվող գործողություններում:
 
 
HCVF Cover
© WWF-Armenia Enlarge
HCVF
© WWF-Armenia Enlarge
HCVF
© WWF-Armenia Enlarge
HCVF
© WWF-Armenia Enlarge