Վայոց Ձորը կունենա ժամանակակից «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն» | WWF

Վայոց Ձորը կունենա ժամանակակից «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն»



Posted on 19 April 2017
Vayots Dzor Event
© WWF-Armenia
Ս.թ. ապրիլի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն»: Այն հիմնվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ համագործակցությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ և Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Կենտրոնի բացումն էականորեն կնպաստի մարզում անասնապահության ոլորտի զարգացմանը: Կենտրոնը հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով, համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ, խորհրդատվություն է տրամադրելու անասնապահության բարելավման վերաբերյալ, ինչի շնորհիվ նվազելու է ճնշումն արոտավայրերի և բնական ռեսուրսների վրա:

Կենտրոնը նաև կրթական գործառույթ է կատարելու. կազմակերպելու է Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ:  Եղեգնաձորի կենտրոնը նախատեսված է որպես տարածքային կառույց, քանի որ այն ծառայելու է շրջակա 44 համայնքների համար՝ ներառելով շուրջ 10 000 տնային տնտեսություն:  

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը և շատ այլ հյուրեր:

Նույն օրը տեղի է ունեցել WWF-Հայաստանի, «Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի» և Խաչիկ համայնքի միջև կնքվող «Բնության պահպանության եռակողմ պայմանագրի» ստորագրման արարողությունը, որի շրջանակներում համայնքին հանձնվել է գյուղտեխնիկա: WWF-Հայաստանի կողմից  համայնքին հանձնվել է նաև մոտ 4000 պտղատու տնկիներ՝ համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով: 

«Բնապահպանական պայմանագիրը» կարևոր է նրանով, որ նպատակ ունի նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու համայնքների կայուն զարգացմանը: Սա էական բաղադրիչ է հարավային Հայաստանում էկոմիջանցքների ստեղծման աշխատանքներում, որն իրականացվում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրով, Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Պայմանագրի շնորհիվ արդեն իսկ €70 000 տրամադրվել է Խաչիկ համայնքի համար գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելուն: Սա կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մշակվող հողատարածքների քանակի ավելացմանը, վերջինս էլ կնպաստի տնային տնտեսությունների բարեկեցությանը և Խաչիկ համայնքի զարգացմանը:
 
Vayots Dzor Event
© WWF-Armenia Enlarge
Vayots Dzor Event
© WWF-Armenia Enlarge
Vayots Dzor Event
© WWF-Armenia Enlarge