Էկո ճամբար UWC Դիլիջանի դպրոցի աշակերտների համար | WWF

Էկո ճամբար UWC Դիլիջանի դպրոցի աշակերտների համար



Posted on 11 May 2017
UWC Dilijan School at WWF-Armenia
© WWF-Armenia
Ս.թ. մայիսի 5-6 WWF-Հայաստանն էկո ճամբար էր կազմակերպել UWC Դիլիջան միջազգային դպրոցի աշակերտների համար «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում»: Միջոցառման նպատակն էր անցկացնել բնապահպանական սեմինար և կազմակերպել դաշտային այցելություն՝ Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագրի վերաբերյալ աշակերտների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Այն կազմակերպվել էր «Ընձառյուծի հետքերով» բնապահպանական արշավի շրջանակներում, որը նախաձեռնել է WWF-Հայաստանը:

Ճամբարը սկսվեց WWF-Հայաստանի գրասենյակից, որտեղ աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու WWF անձնակազմի և Հայաստանում WWF-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ: Հաջորդ կանգառը «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի» այցելուների կենտրոնն էր, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Այստեղ մասնակիցները հանդիպեցին «Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի» տնօրեն Արուս Ներսիսյանին: Հակիրճ ներկայացումից հետո խումբը շարժվեց դեպի Նորավանք՝ 13-14րդ դարերում կառուցված վանքային համալիր Նորավանքի կիրճում: Ավելի ուշ խումբն այցելեց Արենի -1 քարանձավ, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, ինչպես նաև գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որը համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: 

Օրվա վերջին կանգառը Վայոց ձորի մարզի Շատին գյուղում գտնվող բեզոարյան այծերի դիտակետն էր, որտեղ աշակերտներին հաջողվեց տեսնել բեզոարյան այծերի մեծաքանակ մի քանի խումբ: Դիտակետը կառուցվել է WWF-ի աջակցությամբ՝ համայնքում էկոտուրիզմը խթանելու համար:

Երկրորդ օրվա ծրագիրը ներառում էր դաշտային այցելություն և քայլարշավ «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում», որտեղ մասնակիցները կարողացան դիտարկել վայրի բնությունը և վայելել Նորավանքի կիրճի չքնաղ տեսարանները վերևից: Այստեղ WWF-Հայաստանի վայրի բնության փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը ներկայացրեց կենդանական աշխարհի մոնիթորինգի մեթոդները և ցուցադրեց ֆոտո-թակարդների տեղադրման առանձնահատկությունները: Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը ներկայացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի ջանքերն ուղղված վտանգված կենդանատեսակների պահպանությանը: Աշակերտները տեսան նաև կենդանիների հետքեր, ինչպես նաև սննդի մնացորդներ:

Ճամբարը լի էր հետաքրքիր տեղեկատվությամբ, դրական հույզերով և լավ հիշողություններով: Սա բավական արդյունավետ և երկարատև համագործակցության միայն սկիզբն է:
 
UWC Dilijan School at WWF-Armenia
© WWF-Armenia Enlarge
Shatin Observatin Point with UWC Dilijan School Students
© WWF-Armenia Enlarge
UWC Dilijan School at Gnishik Intercommunity Environmental Foundation
© WWF-Armenia Enlarge