Նոր տնկված ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգի միջոցով
Նոյեմբերի 17-ին Վայոց Ձորի Արենի համայնքի սուրբ Աստվածածին եկեղեցու (կառուցված 1321թ. ճարտարապետ Մոմիկի կողմից) հարակից տարածքում համայնքի դպրոցականների, WWF-Հայաստանի և Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի աշխատակիցների կողմից իրականացվեց ծառատունկ: Վերջինս կազմակերպվել էր WWF-Հայաստանի կողմից իրականացվող «էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում, իսկ ծառերը տրամադրվել են ATP բարեգործական հիմնադրամի կողմից:Նոր տնկված ծառերը ոռոգվելու են նախապես տեղադրված կաթիլային համակարգի միջոցով, ինչի կիրառումն ապահովում է ծառերի առավել կայուն աճ:
Ծառատունկը բավական լուրջ նշանակություն ունի շրջակա տարածքի հակաէռոզիոն միջոցառումների իրականացման շարքում: Ծառատունկի արդյունքում տնկվել է 170 ծառ՝ հացենի, փշատ, դրախտածառ և հուդայածառ, որոնք մի քանի տարի անց բացի հակաէռոզիոն նշանակություն ունենալուց, արդեն իսկ էականորեն կփոխեն տարածքի գեղագիտական տեսքը:
WWF-ը կարևորում է համագործակցությունը պահպանվող տարածքների շրջակա համայնքների հետ, ինչպես նաև խթանում է բնապահպանական կրթության զարգացմանը: