Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը | WWF

Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը



Posted on 19 September 2017
Transboundary Event Caucasus
© WWF-Armenia
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որին ներկա են ՀՀ գտնվել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինա Գրիգալավան։

Միջոցառումը կազմակերպվել էր «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն, փուլ III» ծրագրի շրջանակներում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանի բնապահպանության նախարարության ու Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կողմից՝ ընդգծելու անդրսահմանային համագործակցությունը՝ կենսաբազմազանության մոնիթորինգի և զբոսաշրջության խթանման գործընթացում։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Ախալքալաք քաղաքում «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացմամբ: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել արգելավայրի ֆլորայի և ֆաունայի նմուշներին: Ներկաները ծանոթացել են տեղական արտադրատեսականու շուկայի ներկայացուցիչների արտադրանքներին:

Երկու երկրների ներկայացուցիչները եղել են Մադաթափա լճում, ծանոթացել թռչունների անդրսահմանային մոնիթորինգի գործընթացին: Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների ղեկավարները Լճի մերձակայքից տվել են երկու երկրների հեծանվորդների անդրսահմանային երթուղու մեկնարկը:
ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի զբոսաշրջության կենտրոնում միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայ արտադրողների արտադրատեսականուն: ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորել է ծրագրի բնապահպանական բաղադրիչը և շեշտել էկոզբոսաշրջության արդյունքում տեղի բնակչության ներգրավման հեռանկարը: Մեծ Սեպասար համայնքում տեղի է ունեցել երկու երկրների սահմանը հատած հեծանվորդների դիմավորման և պարգևատրման արարողությունը: 

Միջոցառման վերջին հատվածը գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությունն էր: Կենտրոնը խորհրդատվությամբ և մասնագիտական այլ միջոցներով կաջակցի տեղի անասնապահներին, ինչը միտված է արոտավայրերը գերարածեցումից զերծ պահելուն:

Տեղեկանք
«Արփի լիճ» ազգային պարկը և «Ջավախեթի» պահպանվող տարածքները ստեղծվել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի (Կովկասյան էկոտարածաշրջան) յուրօրինակ կենսաբազմազանության պահպանությունը, տարածաշրջանում կայուն համայնքային զարգացման խթանումը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության աջակցությունը։

Ծրագրի արդյունքներն այստեղ՝
http://armenia.panda.org/about_wwf/projects_armenia/completed/lake_arpi/
Միջոցառման տեսանյութն այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=inNg9EkHWmI
Transboundary Event Caucasus
© WWF-Armenia Enlarge
Transboundary Event Caucasus
© WWF-Armenia Enlarge
Transboundary Event Caucasus
© WWF-Armenia Enlarge